среда, 20 августа 2014 г.

Տեղափոխվում էին...առանց նրա

Ինչ որ տարօրինակ եռուզեռ էր. բեռնատարը բակում կանգնած էր, բանվորները արագ-արագ տուն էին մտնում ու դուրս գալիս, ինչ որ իրեր ձեռքներին, նորից ու նորից, նորից ու նորից: Պառկել էր, գլուխը դրել թաթերին ու տխուր աչուկներով նայում էր, կարծես վերջին անգամն է տեսնում այդ իրերը: Տանտիրուհին հրահանգներ էր տալիս, բարկանում, երբ բանվորները ինչ որ իր տեղափոխելիս անզգույշ էին լինում, տան միակ փոքրիկ անդամն էլ շվարած ու տխուր նստած էր մի անկյունում ու սպասում էր, թե երբ է ավարտվելու այս տհաճ եռուզեռը, դեռ չէին հեռացել, բայց արդեն կարոտել էր իրենց բակը, իր խաղերը, իր չարաճճիությունները: Փոքրիկը դեռ ընդունակ չէր հասկանալու , որ տեղափոխվում են այլ տեղում ապրելու, նրան թվում էր, թե ուղղակի ամեն տարվա պես գնում են հանգստանալու, բայց այդ դեպքում ինչո՞ւ էին այս բոլոր իրերն իրենց հետ տանում, ախր միշտ ամենաշատը մի քանի ճամպրուկ էր...

Վերջապես ավարտվեց, բանվորները գնացին, բեռնատարը հռնդյունով դուրս եկավ բակից ու կանգնեց դարպասների մոտ, դարպասները փակվեցին, տանտերը բոլորին հրահանգեց դուրս գալ տնից, ետևից կողպեց տան դուռը ու բոլորը շարժվեցին դեպի դարպասը: Անցան նրա կողքով, կարծես ոչ ոք չնկատեց էլ, միայն փոքրիկը պտտվեց, իր կանչող հայացքով նայեց շանը: Վազեց ետևներից, բայց... բայց չհասցրեց: Կարող էր ցատկել բեռնատարի մեջ, բայց չարեց, ինչի՞ն էր պետք...հպարտ էր:
Տեղափոխվում էին...առանց նրա:
Ավոտեքենայի ետևի ապակուց միայն փոքրիկն էր թաթիկով հրաժեշտ տալիս, խոշոր աչուկներում երկու արցունքի կաթիլ... ա՜խ եթե խոսել իմանար, անցավ «մտքով»...  մեքենան շարժվեց, վերադարձավ բակ, բայց արդեն այն անցքից, որով ներսուդուրս էր անում, երբ դարպասը կողպած էր լինում:


Հաջորդ տանտիրուհին նրան գտավ կիսամեռ, վերջին անգամ, պառկել էր տան դռան դիմաց ու այլևս չէր շարժվել: Բայց... ապրեց, ուղղակի «մտքից» հանելով բոլորին ու ամեն ինչ, բացի իր փոքրիկ ընկերոջ երկու արցունքի կաթիլները: Նոր տերերն ավելի ՄԱՐԴ էին...

Комментариев нет:

Отправить комментарий