Գերմանական հանրահայտ BMW մեքենաշինական ընկերությունն այսօր պաշտոնապես ներկայացրել է իր առաջին էլեկտրոմոբիլը՝ i3-ը։
Ինչպես նշում է Euromag-ը, որպեսզի հստակ լինի այն, որ ընկերությունը լուրջ ու երկարաժամկետ ծրագրեր ունի էլեկտրոմոբիլների շուկայի հետ կապված, BMW-ն i3-ի շնորհանդեսը կազմակերպել է մոլորակի միանգամից 3 խոշորագույն քաղաքներում՝ Լոնդոնում, Նյու Յորքում և Պեկինում։
Նորույթի վաճառքը կսկսի այս տարվա աշնանը. i3 մոդելը կդառնա BMW-ի ամենաէժան մեքենան, որը կվաճառվի 34 950 եվրոյով։
«Մենք գտնվում ենք էլեկտրոմոբիլների դարաշրջանի սկզբում, և i3-ը բազում տարիների հետազոտությունների արդյունք է, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ եվրո։ Սա նշանակալի իրադարձություն է ոչ միայն BMW-ի, այլև էլեկտրոմոբիլների ողջ արդյունաբերության համար»,- ասել է ընկերության վաճառքի հարցերով տնօրեն Յան Ռոբերտսոնը։
Փորձագետների կարծիքով՝ գերմանական ընկերությունը բավական խիզախ քայլի է գնացել՝ ներկայացնելով էլեկտրոմոբիլն այն ժամանակ, երբ փոխադրամիջոցի այս տեսակն այդքան մեծ պահանջարկ չի վայելում Եվրոպայում։
Անկախ այս ամենից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի առաջատար մեքենաշինական ընկերություններին հանձնարարել է մինչ տասնամյակի ավարտն արտադրել 1 մլն էլեկտրոմոբիլ։
Комментариев нет:
Отправить комментарий